Չարենց Եղիշե՝ Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից | |
— Ի՞նչ ծափահարություն է, — առանց այլևայլության, առանց պատուհանը փակելու, հարցրի ես նրան և ցույց տվի դիմացի պատուհանները,— և ինչո՞ւ է այնտեղ լույսն ավելի պայծառ, քան մյուս կամերաներում:
— Այնտեղ Ուղղիչ Տան կուլտբաժինն է, — պատասխանեց ծառայողը,— այսօր «կենդանի լրագիր» է:
Հիվանդանոցի ծառայողի այս խոսքերից հետո ինձ միանգամայն հասկանալի դարձան թե՛ երգը, թե՛ նվագը, թե՛ ծափահարությունները և թե՛ դրանցից հետո տիրող երկար լռությունը:
— Իսկ ո՞վ է նվագում քամանչեն — այնտեղ, — ցույց տվի դիմացի պատուհանը:
— Մեր կալանավորներից է, Մնոն է — շատ լավ կնվագե, չէ՞...
— Շա՛տ լավ, ընկե՛ր, ավելի՛ քան լավ... Իսկ մինչև ե՞րբ կարելի է նվագել...
— Մինչև երբ որ ուզեն — կուզեն թող մինչև լույս նվազեն...
— Թեյ չեմ ուզում, — ասացի ես ծառայողին, — ավելի լավ է թույլ տվեք, որ պատուհանը բաց մնա...
Եվ մենք գաղտնի համաձայնության եկանք, որ ես պատուհանը կիսաբաց կթողնեմ, բայց չեմ մոտենա ու չեմ կանգնի պատուհանի առջև: Հետո նա դուրս գնաց և դուռը ծածկեց:
— Այստեղ այնքան էլ մռայլ չէ, ինչպես մտածում էի ես, կամ ինչպես եղել է քեռի Դոստոևսկու «Մեռյալ տանը» — ասացի ես ինձ և, պառկելով մահճակալի վրա, սկսեցի լսել Մնոյի երաժշտությունը: Այդ երեկո — իմ Ուղղիչ Տուն մտնելուս առաջին երեկոն — ես երկար լսեցի այդ նվագը, և այդ նվագն ինձ համոզեց, որ դեռ չի վերջացել կյանքը, որ անսպառ է նա ու անհուն և կրում է իր մեջ անթիվ ու անսպառ բույրեր ու կարելիություններ: — Շնորհակալություն Մնոյին: Եվ այն հիվանդանոցային ծառայողին, որ բաց արեց իմ առջև վերևի հարկից եկող նվագի ու ծափահարությունների գաղտնիքը: «Այստեղ էլ մարդիկ են ապրում, ինչպես դուրսը, և, ինչպես երևում է, ունեն, ինչպես դուրսը, ապրելու և ուրախանալու բոլոր հնարավորությունները» — ասացի ինքս ինձ և պառկեցի քնելու:
Իսկ հետևյալ առավոտ ես արթնացա բավականին հանգիստ տրամադրությամբ — և այդ օրվանից իմ առջև սկսեց հետզհետե բացվել միանգամայն անծանոթ, աներևակայելի, իր յուրօրինակությամբ և անսպասելիությամբ համարյա զարմանալի մի աշխարհ...
II. Ծաղկանոցը, Ուղղիչ Տան պետը, արհեստանոցները և կալանավոր կանայք
Հետևյալ առավոտ արթնանալիս ես այն զգացումն ունեի, որ մի լավ բան կար երեկ գիշեր քնելուս վայրկյանին և այդ «լավ բանը» ինչ գնով էլ լինի հարկավոր է հիշել: Ու հիշեցի իսկույն ախ, հա՛, Մնոյի նվագն էր և վերևի ծափահարությունները...
Շտապ հագնվեցի և առաջին հերթին լայն բաց արի պատուհանը և նայեցի... Եվ այն, ինչ որ բացվեց իմ աչքերի առջև — ես չեմ մոռանա երբեք, ինչպես մարդ չի կարող մոռանալ իր կյանքի ամենապայծառ վայրկյանները: — Պարզ, անամպ առավոտ էր, կապույտ երկինք: Իմ պատուհանից մինչև դիմացի կորպուսը բավականին ընդարձակ, մաքուր մի բակ էր և այդ բակի մեջտեղը, իմ պատուհանից դեպի ձախ, ուր բակը ավելի էր լայնանում — փռված էր իմ դեմ մի փոքրիկ, բայց զարմանալի գեղեցիկ ծաղկանոց: Գուցե ոչ մի առանձին բան չկար այդ ծաղկանոցում, գուցե դրսի աշխարհում նա չթողներ իմ վրա և ո՛չ մի տպավորություն, բայց այստեղ, Ուղղիչ Տան պատերի ներսում, ուր ես սպասում էի տեսնել գորշ պատեր ու մռայլ ամայություն, — այստեղ այդ փոքրիկ ծաղկանոցը թողեց ինձ վրա անասելի պայծառ տպավորություն: Նրա շուրջը, ինչպես և բակի այլ տեղերում, դրված էին ցածլիկ, երկարավուն նստարաններ: Մի քանի կալանավորներ նստած դրանց վրա գիրք կամ թերթ էին կարդում, մի քանի ուրիշները շրջում էին բակում ու զրուցում: Յուրաքանչյուրն իր զգեստներով, քաղաքացիական հագուստով, այնպես որ մի վայրկյան եթե մոռանալու լինեիք Ուղղիչ Տան պատերը` կարող էր թվալ` թե ազատ քաղաքացիներ են քաղաքային բուլվարում: — Ես դեռ հափշտակված նայում էի այդ փոքրիկ ծաղկանոցին և ագահաբար շնչում առավոտվա թարմ օդը, երբ սենյակիս դուռը բացվեց և ներս մտավ ինձ անծանոթ մի անձնավորություն: Ես հեռացա պատուհանից և ընդունեցի նրա բարևը:
Երեսունհինգին մոտիկ, միջահասակ, լայնաթիկունք, ժամանակից առաջ կիսասպիտակած մազերով: Բաց դեմք: Առաջին հայացքից կարելի է ասել, որ բանվոր է եղել, բայց վաղուց թողել է բանվորությունը: Հագուստը՝ սովորական խորհրդային ծառայողի հագուստ: Քաղաքացիական շալվար, նույն գույնի բլուզ: Զենք չունի:
Նա սեղմեց ձեռքս և ասաց իր ազգանունը: Ես լսել էի, որ այդպես է Ուղղիչ Տան պետի ազգանունը և անմիջապես, օգտվելով առիթից, հարցրի՝ ցույց տալով պատուհանից երևացող բակը.
— Ինձ կարելի է այնտեղ...
— Ոչ, չի՛ կարելի, — ասաց նա հանգիստ՝ ուղիղ նայելով աչքերիս. — այնտեղ քաղաքական կորպուսն է: Ձեզ կարելի է գնալ քրեական կորպուսի բակը, որը ոչնչով վատ չէ դրանից:
Եվ անսպասելի ժպտաց:
— Իսկ ո՞ր ժամերին:
— Երբ որ կամենաք: Առավոտից մինչև երեկո թե՛ կամերաների, թե՛ կորպուսի դռները բաց են: Բակ չի կարելի դուրս գալ միայն Ժամը երեկոյան 7-ից հետո, իսկ մինչ այդ կալանավորներն ազատ են: Իսկ գիշերները փակվում են միայն կորպուսի դռները, կամերաների դռները երբեք չեն փակվում: Երեկոները կալանավորները մինչև ժամը 12-ը կարող են գնալ կուլտբաժին, եթե կա ներկայացում կամ կենդանի լրագիր, իսկ եթե ներկայացում-բան չկա՝ մինչև ժամը 9 — 10-ը` գրադարան-ընթերցարան:
— Այս ձեր Ուղղիչ Տունն սկսում է ինձ բավականին հետաքրքրել, — ասում եմ ես ժպտալով:
— Դեռ կծանոթանաք, կտեսնեք: Առայժմ ասեք՝ ի՞նչ է ձեզ հարկավոր:
Եվ նա նայում է սենյակին:
— Մի գրասեղան: Ուրիշ ոչինչ:
— Շատ լավ, ես կկարգադրեմ, որ բերեն: Իսկ այժմ ես, գնամ — հարկավոր է բանվորներ ուղարկել:
— Ի՞նչ բանվորներ:
— Դրսի աշխատանքի: Ուղարկում ենք կալանավորներին դրսի աշխատանքի:
— Պահակո՞վ:
— Ոչ: Առանց պահակի: Մշտական թույլտվություններ ենք տալիս, գնում են դրսի աշխատանոցներում աշխատում: Այսօր հարկավոր է թույլտվությունները փոխել, հների ժամանակն անցել է:
Իսկ ի՞նչ արհեստանոցներ են դրանք:
— Դրսում առայժմ ունենք կոշկակարանոց և դերձականոց: Իսկ ներսում՝ հյուսնոց, դարբնոց, խոզանականոց և այլն: Ա՜յ, երբ որ թեյ խմեք վերջացնեք՝ եկեք տեսեք:
Եվ Ուղղիչ Տան պետը ելնում է դուրս:
Ես արագ լվացվում եմ և անմիջապես բակը վազում: Հիվանդանոցից դուրս գալիս` աջ կողմը ձգվում է բակը` մինչև Ուղղիչ Տան պատը, դիմացը՝ գրասենյակն է, որից այն կողմը՝ քրեական բակի դարբասը, իսկ ձախ կողմը քրեական կորպուսի պատը: Այդ ժամանակ, երբ ես նոր էի ընկել Ուղղիչ Տուն՝ հիվանդանոցից դեպի աջ, կամ դրսից մտնելիս` դեպի ձախ, մինչև պատը ձգվող տարածությունը դեռ դատարկ էր. այնտեղ ցցված կար միայն ջրմուղային մի խողովակ, որի առջևը լվացվում էին կալանավորները: Երբ ես դուրս եկա բակ տեսա մի խումբ մարդիկ, որ լվացվում էին այդտեղ, կամ շրջում: Նրանցից մի քանիսը գրավեցին իմ ուշադրությունը:
Մաքուր, կոկ հագնված, սափրված, ինտելիգենտ դեմքերով երիտասարդներ:
— Ովքե՞ր են դրանք, — հարցրի հիվանդանոցի ծառայողին:
— Գրասենյակը կաշխատին:
— Կալանավորնե՞ր են, թե դրսից են գալիս:
— Կալանավորներ են:
«Այ քեզ տարօրինակ կալանավորներ» — մտածեցի ինքս ինձ, — «նայես ի՞նչ գործերով են բռնված»:
Գնացի պետի առանձնասենյակը: Միջակ մեծությամբ մի սենյակ, գրասեղան, մի քանի նստարաններ: Կարծում էի, թե մուտքի առաջ պահակ կլինի. չկար: Կալանավորներն ազատ մտնում ու դուրս էին գալիս զանազան խնդիրքներով: Երբ ես ներս մտա՝ պետի հետ խոսում էր մի տարիքոտ գյուղացի կալանավոր:
— Ինչո՞ւ համար ես ուզում քաղաք գնալ, — հարցնում էր պետը կալանավորին:
Օղլուշադս է էկե գեղեն, էրթամ տեսնիմ...
— Է, թող ինքը գա՝ տե՛ս:
Կալանավորը նայում է գետին և ամոթխած ժպտում:
— Լա՛վ, — ասում է պետը՝ այդ պերճախոս փաստարկումից հետո ինքն էլ ժպտալով. — գնա՛ մինչև ժամը 5-ը, բայց չուշանաս: — Քանի՞ տարով ես վճռված:
— Երեք:
— Ինչքա՞ն ես նստել:
— 8 ամիս:
— Խիստ մեկուսացում ունե՞ս:
— Ունեի՝ անցած շաբաթ հանեցին:
— Կերթաս առանց պահակի, բայց տես` չխմես:
Պետը զանգահարում է: Կողքի գրասենյակից մտնում է մի պաշտոնյա, որին կարգադրվում է թույլտվություն գրել այդ կալանավորի համար– և կալանավորը պաշտոնյայի հետևից մտնում է գրասենյակ:
— Ուզո՞ւմ եք, — ասում է Ուղղիչ Տան պետը վեր կենալով և դիմելով ինձ. — գնանք մեր արհեստանոցները տեսեք: Ես սիրով համաձայնում եմ, և մենք գնում ենք արհեստանոցները:
Առաջին արհեստանոցը, որ մենք մտնում ենք, դարբնոցն է: Գտնվում է Ուղղիչ Տան մուտքից անմիջապես դեպի աջ: Արհեստանոցը Փոքր է, անհարմար: Շինում են երկաթյա մահճակալներ, թիթեղե վառարաններ և այլն:
— Այս տարի մտադիր ենք բոլոր Փայտե կոյկաները փոխել երկաթե մահճակալների, — ասում է պետը. — մի մասը, քաղաքական կորպուսում, արդեն փոխել ենք, հիմա կամաց-կամաց փոխելու ենք և մյուսները: Արհեստանոցը փոքր է, մտադիր ենք հիվանդանոցի բակում նոր արհեստանոցներ շինել:
Ապա անցնում ենք հյուսնոցը: Սա ավելի ընդարձակ է, քան դարբնոցը, սակայն նույնպես չի բավարարում պահանջին: Այստեղ շինում են պահարաններ, սեղաններ, կոյկաներ և այլն: Այստեղից մենք ելնում ենք դուրս և գնում խոզանականոցը, որ գտնվում է Ուղղիչ Տան գրասենյակի վերևը՝ երկրորդ հարկում:
Վերի հարկը բարձրանալիս` իմ ուշադրությունն են գրավում մի քանի կանայք, բոլորն էլ տարիքոտ: Թեկուզ հագնված են ոչ այնքան էլ վատ, բայց նման են «գաղթական» նանեների:
— Ովքե՞ր են, — հարցնում եմ պետին:
— Կալանավոր կանայք, վերի հարկում են ապրում:
— Ինչո՞ւ են բռնված:
— Մեծ մասամբ «միջնորդության» համար: Իսկ այն մեկը թուրք կին է` ամուսնու հետ միասին ձերբակալված է սահմանն անցնելու համար:
— Սալամ-ալեյքում, բաջի՜ , — ժպտալով ասում եմ ես թուրք կնոջը, որի դեմքը ներքևից մինչև քիթը և վերևից մինչև աչքերը ծածկված է:
Նա արագ շրջում է երեսը և մտնում իրենց կամերան: Քահ-քահ նրա հետևից ծիծաղում են հայ կանայք, և մենք մտնում ենք խոզանականոցը:
Խոզանականոցը բավականին ընդարձակ մի աշխատանոց է, բաղկացած երկու սենյակից: Առույգ, ժիր՝ աշխատում են կալանավորները՝ կապույտ գոգնոցներով, և մարդ մոռանում է, որ գտնվում է Ուղղիչ Տանը, հին տերմինով ասած՝ բանտում: Խոզանականոցը Ուղղիչ Տան ամենից լավ դրված արհեստանոցն է, և նա բավականին հասույթ է տալիս ինչպես Ուղղիչ Տանը, այնպես էլ այդտեղ աշխատող կալանավորներին:
Այդտեղից մենք անցնում ենք կողքի սենյակը, ուր ծրարներ են պատրաստում:
— Իսկ երեկոյան, կամ, կուզեք հիմա` կարող եք գնալ կուլտբաժինը և տեսնել այնտեղ մեր նկարչական արհեստանոցը, ուր նաև շրջանակներ և այլ իրեր են պատրաստում: Այժմ ինձ ներքևում սպասում է Նիկոլաևը, մեր տեխնիկը, որ նոր արհեստանոցների նախագիծ է պատրաստել: Ուզո՞ւմ եք` գնանք միասին տեսնենք:
Մենք դուրս ենք գալիս, որ գնանք գրասենյակ և այդտեղ, միջանցքում, մեզ կրկին հանդիպում են կին կալանավորները: Նրանցից մեկը մոտենում է պետին:
— Ընձի պապիրոս տո՜ւր, — ասում է կարճ ու կտրուկ:
— Ու, թաղե՜մ գլուխդ, — երեսը իբր թե ամոթխածությունից մի կողմ շուռ տալով` ասում է նրան մյուսը:
Ուղղիչ Տան պետը տալիս է առաջին կնոջը մի գլանակ և դառնալով դեպի ինձ.
— Ճանաչո՞ւմ ես մեր Անուշին ու Մարգարիտին, — ասում է ժպտալով:
Այս խոսքերի վրա կրկին քահ-քահ ծիծաղում են Մարգարիտն ու Անուշը և մտնում կամերա: Հետագայում, երբ զանազան պատճառներով քաղաքի հետ ունեցած իմ կապը կտրվեց, նրանք լվանում էին իմ սպիտակեղենը, մաքրում շորերըս, — մի խոսքով` ցույց էին տալիս դեպի ինձ շատ բարեկամական վերաբերմունք, որին իբրև շնորհակալություն ես նվիրում էի նրանց ծխախոտ, կամ գլանակներ: Մեկ-մեկ էլ Ուղղիչ Տան խանութից գնում էի նրանց համար էժանագին քաղցրավենիներ, որ այդ քառասունն արդեն անց, համարյա պառաված նանեներին մեծ հաճույք էր պատճառում: — Այդ չնչին նվերներից առանձնապես ուրախանում էր Անուշը, որի մգլած դեմքը փայլում էր հրճվանքից:
Նայես ի՞նչ են անում հիմա նրանք՝ Մարգարիտն ու Անուշը...
III. Քրեական կորպուսը. — բակը. — կամերաները. —
կալանավորներից ստացած իմ առաջին, ընդհանուր տպավորությունը
Երբ մենք Ուղղիչ Տան պետի հետ միասին մտանք գրասենյակ` դուրս եկավ, որ տեխնիկ Նիկոլաևը, որի նախագիծը մենք եկել էինք տեսնելու, ինչ-որ տեղ է գնացել: Վերադառնալու էր մի, կամ կես ժամից հետո, ուստի ես թողի գրասենյակը և գնացի քրեական կորպուսը նայելու: Ուղղիչ Տանը ես դեռևս ոչ մի ծանոթ չունեի, ուստի գնացի մենակ:
Գրասենյակից դուրս գալիս դեպի ձախ, հինգ քայլ հեռավորության վրա, գտնվում է քրեական կորպուսի դարբասը: Դա փայտյա մի մեծ դուռ է, որ փակվում է այդ դռանն անհամապատասխան մի փոքրիկ կողպեքով:
Դուռը փակ էր, իսկ դռան առջև կանգնած էր մի կալանավոր` դռան բանալին ձեռին: Այդ հանգամանքն առաջին հայացքից ինձ զարմացրեց. ինչպե՞ս են վստահում կորպուսի բանալին մի պատահական կալանավորի... «Գուցե և ո՞չ պատահական» — անցավ իմ մտքով և այդ անմեղ կալանավորը թողեց ինձ վրա մի դաժան ու անողոք Ցերբերի տպավորություն: Հետագայում ես իմացա, որ զուր էին իմ կասկածները թե՛ այդ դարբասի, թ՜ե կալանավորի մասին: Քրեական կորպուսի այդ դարբասը ոչ մի կապ չուներ Ուղղիչ Տան ներքին հսկողական սիստեմի հետ: Նա փակ էր պահվում միայն նրա համար, որպեսզի կալանավորներն առանց գործի գրասենյակ կամ հիվանդանոց չգնան, չխռնվեն այդ տեղերում և չխանգարեն պարապմունքներին: Իսկ այդ դռան առջև ընդհանրապես կանգնեցնում էին ամենախեղճ կալանավորներին, որովհետև նրանք այդտեղ կատարում էին հասարակ դռնապանի դեր:
— Կարելի՞ է անցնել:
Նա իսկույն բաց արեց դուռը, — կողպեքը չէր էլ կողպած, այլ միայն անցկացրած էր օղակներին, — և ես մտա քրեական կորպուսի բակը:
Դիմացս ինչ-որ միհարկանի մի շենք էր, և ես քայլերս ուղղեցի դեպի նա: Մի քանի քայլ գնալուց հետո թեքվեցի դեպի աջ. դուրս եկավ, որ այդտեղ Ուղղիչ Տան խոհանոցն է ու բաղանիքը:
Ինչպես ճանապարհին, այնպես էլ խոհանոցում ու բաղանիքում, որ այդ օրը չէր աշխատում, ինձ հանդիպում էին զանազան կալանավորներ՝ խումբ-խումբ ու առանձին-առանձին: Նրանք բոլորն էլ զննող հայացքներով ինձ էին նայում, և ինձ մի փոքր անհաճո էին այդ հայացքները: Ես էլ նայում էի նրանց, և նրանք բոլորն էլ ինձ թվում էին փակ, իրենց մեջ քաշված, խոժոռ ու անսիրալիր մարդիկ, որոնք ինձ հետ երբեք չեն ընկերանա ու չի ստեղծվի երբեք իմ և նրանց միջև հասարակ մարդկային փոխհարաբերություն: Նրանց նայելով` ես հիշում էի Դոստոևսկու և Դորոշևիչի հերոսներին ու սիրտս ճմլվում էր մենակությունից: «Նայես պիտի լինի՞, որ անցնեմ այս մարդկանց միջով և նրանք ինձ պարզապես բարևեն ու ժպտան — բարևեն ու ժպտան» — այս էր իմ միակ երազանքը այդ վայրկյանին, և ես բնազդաբար պատի մոտով էի գնում, որ նրանց չանհանգստացնեմ, չգրավեմ նրանց ուշադրությունը: Ես կարո՞ղ էի իմանալ առաջին իսկ վայրկյանից, որ նրանցից շատերը, դե, բոլորն համարյա, շատ ընկերական ու հասարակ մարդիկ են, և ես մի շաբաթ անց կունենամ այստեղ շատ ընկերներ ու բարեկամներ... Իհարկե, այնպիսի ընկերներ ու բարեկամներ, ինչպիսիք մարդ ունենում է բոլոր պատահական տեղերում — գնացքներում, երբ երկար ճանապարհ է գնում, ռազմաճակատում և այլն:
Բաղանիքը փակ էր, իսկ խոհանոցում առանձին ոչինչ չկար: Հսկայական պղինձներ, ինչպես զորանոցներում: Խոհանոցային շապիկներ հագած մի քանի կալանավոր, որոնցից մեկը ջուր էր լցնում պղինձները, իսկ մի քանիսը պատի մոտ նստած՝ գետնախնձոր էին մաքրում: Ահա և ամբողջը: Ուստի ես առանց երկար սպասելու դուրս եկա այդտեղից և քայլերս ուղղեցի դեպի քրեական կորպուսը:
Դեմը — քրեական կորպուսի բակն էր, մի ընդարձակ բակ, համարյա մի փոքր դաշտ: Բակն Ուղղիչ Տունը շրջապատող պատերից բաժանված էր փայտյա ցցերի վրա խփված երկաթալարերով, որոնց և պատերի միջև մնում էր չորս քայլաչափ տարածություն: Այդտեղ շրջում էր զինվորական պահակը` հրացանը ձեռին:
Պատերից անդին, հեռուն Երևանի գորշ բլուրներն էին, որնք երեկոները դառնում էին կարմիր-պղնձագույն... Դրանք ինձ հիշեցրին լայն ու ազատ աշխարհը, և ես ինձ զգացի որբ ու աշխարհից կտրված:
Նայեցի շուրջս: Կորպուսի պատերի տակ ու դեմը, երկաթալարերից քիչ այս կողմը՝ խումբ-խումբ նստոտած էին զանազան կալանավորներ: Ուրիշները շրջում էին բակում ու զրուցում: Նրանցից և ոչ մեկը դեռ ինձ չէր ճանաչում և ինձ թվում էր համառորեն, որ՝ որպես տկլոր մարդը բուլվարում՝ այդպես էլ ես նրանց մեջ գրավում եմ բոլորի զարմացող ու հեգնող ուշադրությունը: Այդ զգացումը ամրացնում էր իմ մեջ և այն հանգամանքը, որ բոլորն էլ նայում էին ինձ երկար, զննող հայացքներով, և ինձ առաջին անգամից դժվար էր կարդալ, որ այդ հայացքների միջից ինձ նայողը-պարզ մարդկային հետաքրքրությունն է նորեկով և այն էլ այնպիսի մի նորեկով, որի մասին նրանք, այսպես թե այնպես, լսել էին:
Անցա նրանց միջով և մտա քրեական կորպուսը: Անցնելիս ես նայում էի նրանց և աշխատում գուշակել նրանց հանցագործությունների տեսակն ու որակը: Եվ այն կալանավորները, որ այդտեղ առաջին անգամից ինձ թվացին խոժոռ մարդասպաններ և անողոք բանդիտներ — հետագայում, երբ ես նրանց հետ ծանոթացա և իմացա գործերը — դուրս եկան կալանավորներից ամենաանմեղները... Եվ — ընդհակառակը: Համարյա բոլոր նրանք, որ իմ ուշադրությանը չէին արժանացել իրենց դեմքերով ու արտաքինով, որոնք թվացել էին ինձ անվնաս, երևի թյուրիմացությամբ այստեղ ընկած, խեղճ ու ողորմելի մարդիկ — հենց դրանք էին, որ դուրս եկան ամենածանր հանցանքների համար դատապարտվածներ...
Առաջին անգամից քրեական կորպուսի ներսը թողեց ինձ վրա ծայր աստիճանի ծանր, ճնշող տպավորություն: Մուտքի երկաթյա դուռը, միջանցքների տոմետե հատակը, հաստ պատերը և կամերաների կլորաձև, նույնպես երկաթյա դռները — այս ամենը բավական էին մորմոքով լցնելու յուրաքանչյուր նորեկի սիրտ... Դա նախկին ցարական նահանգական բանտն էր, ցարական մռայլ ու բութ պետական ոճը: Ո՞վ իմանա, ինչե՜ր են կատարվել այստեղ, այս մռայլ միջանցքներում, երբ շրջում էին այստեղ ցարական պահակները և մռայլ բանտապետները. ինչքա՜ն հոգիներ են մորմոքել ու մեռել, — մտածում էի ես ու նայում շուրջս: Չնայած որ միջանցքներում լույսը միանգամայն բավարար էր, սակայն առաջին անգամից այդ միջանցքները թողին իմ վրա մռայլ, մութ, անօդ գալերեյաների տպավորություն: Երևի մի քիչ և ա՜յլ լիներ տպավորությունս, եթե ես առաջին անգամ կորպուսը մտնեի ոչ թե մենակ, այլ որևէ ծանոթի ուղեկցությամբ:
Քրեական կորպուսի ներքևի հարկի միջանցքը մտնելով, ես նախ գնացի դեպի ձախ և դեմ առա մի փակ դռան, որի մոտ, փայտյա աթոռի վրա, նստած էր մի հսկիչ:
— Ի՞նչ դուռ է, — հարցրի հսկիչին:
— Էստեղ սեկրետներն են, վարի սեկրետները, — պատասխանեց հսկիչը և կարծեց, թե ինձ մի բան հասկացրեց: Հետագայում ես իմացա, որ այդտեղ, ինչպես և դրա վերևը` երկրորդ հարկում, Ուղղիչ Տան մեկուսարաններն են, ուր մեկուսացվում են քննության տակ գտնվող կալանավորները մինչև դատի օրը: Դատից հետո նրանք տեղափոխվում են կամերաները կամ ազատվում:
Վերադարձա ետ ու հասա միջանցքի մյուս ծայրը, հինգ կամերա կար միայն ներքևի հարկում: Կամերաների դռները բոլորն էլ բաց էին և ազատ ներս ու դուրս էին անում կալանավորները: Հսկիչներ չկային: Միակ հսկիչը նա էր, որ նստած էր մեկուսարանի առջև:
Առաջին անգամ ես մտա քրեական կորպուսի առաջին կամերան, որ գտնվում է միջանցքի ծայրում: Այդտեղից սկսվում են աստիճանները, որոնք տանում են վերև կուլտբաժին:
Լայն, լույս, հսկայական պատուհաններով, ընդարձակ մի սենյակ էր դա, որի մեջ, պատերի երկայնքով, դրված էին քսանի չափ փայտյա թախտեր: Պատերը մաքուր սպիտակացրած էին, առաստաղը նույնպես: Առաստաղի մեջտեղից բարակ երկաթալարով կախված էր մի էլեկտրական լամպ: Հատակը, ինչպես երևում էր, նոր էին մաքրել: Կամերան դատարկ էր: Անկյունում միայն, անկյունի թախտի վրա երկու կալանավոր նստած՝ ինչ-որ զրույց էին անում: Երբ ես ներս մտա նրանք բարձրացան և մոտեցան ինձ: Բարևեցին:
— Ովքե՞ր են այստեղ մնում:
— Կալանավորներ, — ժպտացին նրանք, կարծես ուզում էին ասել, որ դա ինքնին հասկանալի մի բան է, որ բացատրություն չի պահանջում:
— Բա որտե՞ղ են:
— Գործի են գնացել: էս կամերում էս երկուսս ենք անգործ: Ես կամերը մաքրողն եմ, իսկ էս էլ — թույլ է, չի կրնա աշխատի:
— Որտե՞ղ են աշխատում:
— Հյուսնոցում, մի մասն էլ դրսի արհեստանոցներում:
— Ինչո՞ւ համար ես դատված, — հարցրի կամերը մաքրողին:
— Գողության, — ժպտալով պատասատնեց նա: Դա մի քսաներկու-քսաներեք տարեկան, գյուղական արտաքինով երիտասարդ էր. հիվանդոտ, դեղին դեմք ուներ ու շուտ-շուտ թարթվող աչքեր:
— Իսկ դու, — հարցրի մյուսին:
— Ես շնողցի եմ, — ասաց նա կարճ, կարծես դրանով բացատրված էր ամբողջը: Եվ այդ այդպես էլ էր. հետո ես իմացա, որ Ուղղիչ Տան բոլոր շնողցի կալանավորները բռնված են մի գործով` Շնողի բջիջի հայտնի գործով:
Դուրս եկա այդտեղից և մտա մյուս կամերաները: Բոլորն էլ նույն մեծությամբ, բոլորում էլ, միջին հաշվով՝ մոտ քսան կոյկա: Բոլոր կամերաներում էլ ընդամենը երկու-երեքական հոգի կային, մնացածները գտնվում էին բակում, կամ արհեսատնոցներում:
Բարձրացա վերևի հարկը. նույնը, ինչ որ ներքևում: Այստեղ, սակայն, իմ ուշադրությունը գրավեցին մի քանի թուրք կալանավորներ, բոլորը գյուղացի: Եվ մեկ էլ այս վերևի կամերաներում աչքի էր զառնում այն հանգամանքը, որ կոյկաների վրա թափված անկողինները կամ կալանավորների այլ գույքը շատ ավելի աղքատիկ էին, քան ներքևի կամերաներում: Շատ կոյկաների վրա անկողիններ ամենևին չկային, դրանց փոխարինում էին ճղոտած փալասներ կամ պարզապես պարկեր: Այնինչ, ներքևի կամերաներում, կոյկաների համարյա 3/4 ծածկված էր տնային անկողիններով, տնային գույնզգույն վերմակներով և սպիտակ բարձերով: Պարզ էր՝ վերևի կամերաներում ապրում էր ավելի չքավոր բնակչություն, քան ներքևում: Մաքրությունը նույնն էր. ինչպես միջանցքներում, այնպես էլ կամերաներում հատակների վրա չէիք տեսնի մի լուցկու կամ գլանակի մնացորդ:
Մինչ ես զբաղված էի այդ ամենի թեթևակի ուսումնասիրությամբ` կամերաներից ներս ու դուրս էին անում զանազան կալանավորներ և ոտից գլուխ տնտղում ինձ իրենց կասկածոտ հայացքներով: Սկսեցի իջնել ներքև ու մտածել ինձ հանդիպած կալանավորների մասին և աշխատել դրանց, ըստ արտաքին տպավորության, բաժանել որոշ խմբերի: Ինչպես բակում, այնպես էլ կորպուսում ինձ հանդիպած կալանավորների մեծ մասը գյուղացիներ էին, ըստ ազգության՝ համարյա կեսը թուրք: Ապա, ըստ քանակի, գալիս էին քաղաքաբնակ լյումպենները: Այդպիսի տիպերի ես առաջ հաճախ հանդիպում էի Երևանի արևմտյան, զանգուամերձ ծայրամասում, այդտեղի սրճարաններում, գարեջրատներում և խանութներում: Եթե Երևանը ունի «մութ անկյուններ» — դրանք հենց այդ ծայրամասում են գտնվում: Առավոտները ժամը 5-ին, կամ երեկոները, մթնելուց հետո, ես հաճախ գնում էի այդ կողմերը և երկար թափառում: Այդտեղ մութ, խորհրդավոր, կեղտոտ անկյուններ կան, որ պինկերտոնյան գրականության մեջ հաճախ նկարագրվող որջերն են հիշեցնում: Մի տեսակ լյումպենական կնիք ունեն իրենց վրա այդ մութ որջերի բնակիչները, որոնք առաջին հայացքից աչքի են ընկնում, եթե ընդհանրապես ճանաչել ես դրանց: Եվ ահա, Երևանի Ուղղիչ Տան քրեական կորպուսի վերի հարկի կամերաներում ու միջանցքում ես հանդիպեցի բավականին թվով մարդկանց, որոնց նախապես տեսել էի վերոհիշյալ ծայրամասում: Եվ ես չսխալվեցի: — Վերևի կամերաներում ապրողների բավականին աչքի ընկնող մասը լյումպեն-ռեցիդիվիստներ էին և, ինչպես ես հետագայում տեղեկացա հիշյալ «մութ որջերի» հերոսներ: Դրանցից շատերի հետ հետագայում ես բավականին բարեկամացա և բավականին պրիմիտիվ ու իրենց տեսակի մեջ հետաքրքիր մարդիկ էին դրանք — Բաղղասարը, Լազգին, Մաչոն, Խուժան Խաչոն, Լյուսեյինը, Վալոն...
Ապա գալիս էին նախկին խորհրդային ծառայողները, որոնց մյուս խմբերի կալանավորները «ինտելիգենտ» էին անվանում: Դրանց մեջ կարելի էր հաշվել և այն մի երկու զինվորականներին, որոնք ինձ հանդիպեցին այդ օրը: Այս էր իմ առաջին խմբավորումը՝ Ուղղիչ Տան բնակիչներից ստացած իմ առաջին տպավորությունից հետո — և դա, ընդհանուր առումով, ճիշտ դուրս եկավ, երբ ես հետագայում ավելի մոտիկից ծանոթացա Ուղղիչ Տան բնակչությանը:
Գյուղացիներ, լյումպեններ և նախկին խորհրդային ծառայողներ — ահա՜, ընդհանուր առումով, քրեական կորպուսի բնակչության սոցիալական կազմը: — Իհարկե, ինչպես իմ հետագա դիտողությունները պարզեցին՝ և դա այլ կերպ չէր էլ կարող լինել` այս խմբերից յուրաքանչյուրը ևս իր հերթին կարելի էր ենթարկել շերտավորման, մասնավորապես գյուղացիականը: — Կային չքավոր գյուղացիներ և կային կուլակներ, որոնք Ուղղիչ Տան բնակչության ներքին, կենցաղային շերտավորման խնդրում ոչ մի դեր չէին կատարում: Գյուղացիներն ընդհանուր առումով ապրում էին իրենց կենցաղով, լյամպեններն՝ իրենց, իսկ նախկին խորհրդային ծառայողները` Իրենց: Այս տեսակետից էլ նրանք ինձ հետաքրքրում էին. — կալանավորական ներքին կենցաղի տեսակետից: Այն հասարակությունը, ուր ես ընկել էի,— արտաքին աշխարհից կտրված, առանձնացված մի հասարակություն էր, որի մեջ, բացի ընդհանուր սոցիալական օրենքները` պե՜տք է որ նշանակություն ունենային և մի շարք այլ, սպեցիֆիկ օրենքներ, որ բխում էին Ուղղիչ Տան պայմաններից: Այդտեղ պետք էր որ լինեին զուտ-կալանավորական, դրսի աշխարհում ոչ մի նշանակություն չունեցող, շահեր, որոնց իբր վերնաշենք՝ պիտի գոյություն ունենային կալանավորական՝ ներքին-կենցաղային հասկացողություններ ու բարոյական նորմեր: Ինձ ամենից առաջ հարկավոր էր ծանոթանալ այդ հասկացողություններին ու նորմերին, որպեսզի ես հնարավորություն ունենայի մուտք գործել դեպի այդ հասարակության սիրտը, հավասար անգամ դառնալ այդ հասարակության, թափանցել նրա էության խորքը և հասկանալ նրա հոգեբանությունը...
Մտածելով այս ամենի մասին՝ ես կրկին իջա քրեական կորպուսի բակը և սկսեցի նայել կալանավորներին: Այո՜. գյուղացիներ, լյումպեններ և նախկին խորհրդային ծառայողներ: Նրանք շրջում էին, դեսուդեն գնում, զրուցում, — իսկ ես կանգնած էի մենակ և միտք էի անում, թե նայես այս երեք խմբերից որի՞ ձեռքին է գտնվում կալանավորական ներքին ռեժիմը՝ ո՛չ թե վարչական, այլ կենցաղային իմաստով: Կալանավորների ո՞ր տարրն է արդյոք այս խայտաբղետ հասարակության ներքին հեգեմոնը՝ կալանավորական բարոյական նորմերի ու իդեալների կրողը: Ներսում, իրենց մեջ, իրենց առօրյա ընկերական-կենցաղային հարաբերություններում և ո՛չ թե վարչական կարգով, ըստ Ուղղիչ Տան պաշտոնական ռեգլամենտի: Մտածում էի, որ սրանք երևի կունենան իրենց ազդեցիկ մարդիկ, իրենց ավտորիտետները... Եվ աշխատում էի գուշակել, թե ինձ շրջապատողներից ո՞րը կարող է այդպիսին լինել...
Սակայն ինձ ճնշում էր մենակությունը, և ես բնազդաբար քայլերս ուղղեցի դեպի գրասենյակը: Մի հաճելի, փրկարար գյուտ արածի նման՝ ուրախացած հիշեցի, որ արդեն ժամանակ է գնալու պետի առանձնասենյակը՝ նոր արհեստանոցների նախագիծը տեսնելու...
Եվ ես քայլերս արագացրի ու մի անհետաձգելի գործով զբաղված մարդու մտահոգությամբ մտա Ուղղիչ Տան գրասենյակը, պետի առանձնասենյակը:
IV. Կրկին Ուղղիչ Տան պետը, Նոր արհեստանոցների հիմնադրությունը, Բենժամենի մազերը և Լազգու կարծիքը կանանց մասին
Երբ մտա պետի առանձնասենյակը` այդտեղ արդեն նստած էր տեխնիկ Նիկոլաևը, որի գլխարկից ես ենթադրեցի, որ դա հենց այդ անձնավորությունը պետք է լինի: Կալանավոր էր, դատված վատնումի համար, գնում էր դրսի աշխատանքի և շատ քիչ էր երևում Ուղղիչ Տանը: Թե ինչպե՞ս էր տեղի ունեցել նրա վատնումը` ես այնպես էլ չիմացա, սակայն Ուղղիչ Տուն ընկնելուց հետո նա բավականին աշխատել էր այդ տան համար և այժմ պատրաստել էր Ուղղիչ Տան բակում կառուցվելիք նոր արհեստանոցների հատակագիծը, որը և բաց արեց նա, ու մենք սկսեցինք նայել:
Դա կապտավուն, կարծես մի փոքր յուղոտ, հատկապես այդ նպատակի համար գործածվող, մագաղաթանման մի թուղթ էր, որի վրա նկարված էր արհեստանոցների հատակագիծը և ֆասադը: Սև մելանով գծած, կողք-կողքի, երկարավուն քառանկյունիներ, յուրաքանչյուրի մեջ երկու պատուհան և մի դուռ, ու այդ ամենի վերևը՝ բարակ ժապավենի նման կտուրը:
Հարկավոր էր տեսնել Ուղղիչ Տան պետի Նիկոլաևը բաց արեց այդ կապույտ մագաղաթը և տվեց նրան նայելու... Ես շատ եմ տեսել մարդկանց՝ նրանց ուրախության ու տխրության պահերին, բայց նման անմիջական, լիաթոք–, համարյա մանկական ուրախություն, որ փռվում է մարդու ամբողջ դեմքի վրա — ես տեսնում էի առաջին անգամ:
— Տեսե՛ք, է՛,-բացականչեց Ուղղիչ Տան պետը` մատը դնելով ապագա արհեստանոցների կտուրին, — էս մեր արհեստանոցներն են լինելու... Պատկե՜րք է, կատարյա՜լ պատկե՛րք...
Անսպասելի կերպով լրջացրեց դեմքը և ավելացրեց.
— Մինչև ձմեռ միտք ունեմ վերջացնելու:
Ու զանգը տվեց հանկարծ, կանչեց քարտուղարին:
— Կանչի՛ր անմիջապես Բենիկին:
Ու մինչ այդ, ինձ համար հանելուկային, Բենիկի գալը՝ մերթ ինձ, մերթ Նիկոլաևին նայելով՝ նա ցույց էր տալիս կապտավուն թղթի վրայի սև քառանկյունիները և հիացած կրկնում.
— Մեր արհեստանոցներն են լինելու, է՜ ...
Ապա բռնեց իմ ձեռքը, կարծես ես հակաճառում էի նրան, և բացականչեց.
— Ո՛չ մի կալանավոր չպիտի անգործ մնա, հասկանո՞ւմ եք՝ ո՛չ մի կալանա վոր...Մաքուր, լույս, մեծ արհեստանոցներ... Իսկ հետո՝ մեքենայացում ենք մտցնելու, բա՜ս, — մեքենաներ ենք գնելու... Միայն թե չխանգարեն:
— Ո՞վ կարող է խանգարել:
— Ո՞վ գիտե, — ասաց նա կամացուկ և նրա դեմքի բաց ժպիտն անմիջապես փոխվեց խստագույն լրջության: Առհասարակ զարմանալի բնավորություն ուներ այդ մարդը,-կատարելագույն դերասանի նման նա կարողանում էր տիրապետել իր դեմքի մկաններին: Լիաթոք ծիծաղի ժամանակ կարող էր հանկարծ, մի ակնթարթում, լրջանալ և այս փոփոխությունը նրա դեմքի վրա երբեմն կատարվում էր այնքան անակնկալ, որ մարդ մնում էր շվարած:
Ես ուզում էի ինչ-որ բան հարցնել, բայց այդ վայրկյանին դուռը բացվեց և ներս մտավ «Բենիկը»:
Դա մի 23 — 24 տարեկան կալանավոր էր, նախկին խորհրդային ծառայող, որ վատնումի համար դատապարտված է եղել «պատժի առավելագույն չափին» — գնդակահարության, բայց Կենտգործկոմը ներում է շնորհել՝ փոխելով գնդակահա րությունը տասնամյա կալանքի: Ես նրան դեռ դրսից գիտեի և ինձ հայտնի էր, թե իրերի ի՛նչ դժբախտ բերումով էր նա հասել վատնումի թեք ճանապարհին: Սրտագին բարևեցի նրան, որից հետո Ուղղիչ Տան պետը բացականչեց.
— Բենի՛կ, հավաքիր բանվորներիդ և այսօրվանից սկսենք ներսի պատերի համար հողե աղյուսներ պատրաստել: Արհեստանոցներն սկսում ենք... էլ ձգձգելու ո՛չ մի կարիք չկա: Պլանը պատրաստ է — մնում է գործի անցնել...
— Լա՛վ, — լայն ժպտաց Բենիկը, — ինչքա՞ն է հարկավոր...
— Յոթ-ութ հազար հատ: Բանվորներիդ ասա թե՛ փողը կստանան, թե աշխատանքային օրերը կհաշվենք: Սկսե՛ք, քանի անձրևները չեն սկսվել...
— Բա հիմքը գցե՞լը, — Հարցրեց Բենիկը, որ ինչպես երևվում էր, տեղյակ էր աշխատանքներին. — ե՞րբ ենք հիմքը գցում:
— Վաղը, մյուս օրը հիմքը կգցենք, մինչև էդ ցուցակագրիր բոլոր որմնադիր վարպետ կալանավորներին: Կա՞ն:
— Խ՞ի չկան: Հրեն մեկը — Համոն:
— Ո՞ր Համոն:
— Թիթեղագործը: Հի՛նչ գործ ասես ձեռիցը կգա:
— Է՞լ
— Է՛լ կա, ամենքին էլ կցուցակագրեմ: Մենակ դու շտապի քանի թեզ ա հիմքը գցենք: Մաղարիչը քեզանից...
— Թխի՛ գա:
Следующая страница |